Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ավարտին է մոտենում մի ծրագիր, որն առայժմ եզակի է հանրապետության մարզերում։ Խոսքը կենցաղային կեղտաջրերի մաքրման համայնքային կայանի՝ լագունային տիպի մաքրման համակարգի մասին է։ Ծրագրի նպատակը մի քանի հարցերի լուծումն է, որ ծառացել են համայնքի առջեւ։ Կեղտաջրերի կառավարմամբ նվազելու են գյուղատնտեսական հողատարածքների դեգրադացիան եւ ստորերկրյա ջրերի աղտոտումը, ապահովվելու է գյուղատնտեսական հողատարածքների կայուն օգտագործումը, բնակչության սննդային անվտանգությունը։ Սա միայն տեղական նշանակության հարց չէ, այլեւ ուղղակիորեն կապված է գլոբալ ջրային ռեսուրսների պահպանման հիմնահարցի հետ։ Պատահական չէ, որ ծրագրի իրականացմանն աջակցել է ՄԱԿ—ի միջազգային զարգացման ծրագրի «Փոքր դրամաշնորհների ծրագիրը»՝ տրամադրելով 50 հազար դոլար։ Նախագծային արժեքի մնացած մասը վճարել է համայնքը։ Վերջինս արդեն ծախսել է 60 մլն դրամ, եւս 15 մլն դրամ հարկ կլինի ծախսել։ Ծրագրի իրականացմանը մասնակցում են Ազգային ջրային համագործակցություն ՀԿ—ն, «Ջինջ» ՍՊԸ—ն, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ջրային համագործակցությունը, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ մի շարք այլ կազմակերպություններ։ Ինչո՞վ է պայմանավորված այս ծրագիրը Փարաքարում իրականացնելու անհրաժեշտությունը։ Անվիճելի է, որ Փարաքար համայնքը, շատ մոտ լինելով «Զվարթնոց» օդանավակայանին եւ մայրաքաղաք Երեւանին, ինչ—որ չափով քաղաքային կենցաղ է վարում։ Աշխատող ուժի մեծ մասը զբաղված է օդանավակայանում եւ մայրաքաղաքի ձեռնարկություններում։ Դեռեւս 1970—ականներին այստեղ կառուցվել է 3 կմ ընդհանուր երկարությամբ կոյուղու ցանց, որը, սակայն, կոլեկտորով չի միացվել Երեւանի աերացիայի կայանին, ինչպես նախատեսված է եղել։ Կոլեկտորը պարզապես չի կառուցվել։ Արդյունքում ստեղծվել է տարօրինակ վիճակ. հետադարձ ջրերը մտել են կոյուղու ցանց, սակայն, ելք չունենալով, իրենք են գտել ճանապարհը՝ մասամբ դուրս գալով փողոցներ, մասամբ խառնվելով ոռոգման ջրերին, մասամբ էլ թափանցելով գրունտային ջրերի շերտերը։ Աղտոտման հետեւանքով դեգրադացվել են գյուղատնտեսական նշանակության հողերը, որի պատճառով գյուղացիները դադարել են մշակել դրանք։ «Այդ վիճակից դուրս գալու երկու ելք կար. կամ պետք է փակեինք կոյուղու ցանցը, ինչը հեշտ չէր լինի, կամ էլ խնդրին արմատական լուծում գտնեինք,– ասում է համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը։–ՄԱԿ ՄԱԶԾ—ի եւ «Ջինջ» ՍՊԸ—ի հետ քննարկումների արդյունքում առավել նախընտրելի համարվեց կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը»։ Ծրագիրը ներառվել է համայնքի սոցիալ—տնտեսական զարգացման ծրագրում, եւ 2010թ. գյուղի հարավ—արեւմտյան տարածքում սկսվել են շինարարական աշխատանքները։ Կառուցվել է 1600 խմ տարողությամբ, օրական 1000 խմ ծավալով կենցաղային կեղտաջուր մաքրող կայան՝ մեխանիկական մաքրման ավազանով եւ կենսաբանական մեկ լճակով։ Կեղտաջրերը մաքրման են ենթարկվելու մեխանիկական ավազանում, որից հետո անցնելով կենսաբանական լճակ եւ նստվածք տալով այնտեղ, դուրս են գալու մաքուր վիճակով, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել ոռոգման նպատակով։ Որպեսզի տարակուսանք չառաջանա այդ ջրի ոռոգման համար պիտանիության վերաբերյալ, ասենք, որ ըստ տեխնոլոգիայի, կայան մտնող կենցաղային կեղտաջրի մեկ լիտրում 260 մգ ԹԿՊ5—ով աղտոտվածությունը նվազելու է մինչեւ 40 մգ/լ—ի։ Այսինքն՝ ջուրը մաքրվելու է այն աստիճան, որ ոռոգման համար վտանգ չի ներկայացնելու։ Ավելին, նախատեսվում է նաեւ երկրորդ փուլով կառուցել երկրորդ կենսաբանական լճակը, որի պարագայում ԹԿՊ5—ը կհասնի 25 մգ/լ—ի։ Այս դեպքում արդեն հնարավոր կլինի այդ ջրում նաեւ ձկան որոշ տեսակներ բուծել, ինչը լրացուցիչ եկամուտ կբերի համայնքին։ Մաքրված ջուրը ամռանը կօգտագործվի ոռոգման նպատակով, իսկ ձմռան ամիսներին ոռոգման համակարգով կլցվի Հրազդան գետը։ Հաշվվել է, որ այս ծրագրի արդյունքում համայնքը կստանա մոտ 10 լ/վրկ մաքրված ջուր, որով հնարավոր է ոռոգել 7,2 հա հողատարածք, ինչի արդյունքում 45 տնային տնտեսություններ, ըստ հաշվարկի, միջինը տարեկան կունենան 700—1200 դոլար եկամուտ՝ կախված մշակվող կուլտուրայից։ Հաշվի առնելով Փարաքար համայնքի՝ ոռոգման ջրով ոչ լավ ապահովվածությունը, այս ծրագիրը կարելի է նաեւ այդ առումով արժեքավոր համարել։ Կայանի շահագործմամբ ոչ միայն նվազելու է հողերի դեգրադացիայի աստիճանը, այլեւ կանխվելու է տարեկան տասներկու տոննա ազոտի եւ վեց տոննա ֆոսֆորի մուտքը գրունտային ջրեր։ Մի բան էլ է այս կառույցի օգտակարության մասին խոսում. այն մեծ կապիտալ ներդրումներ չի պահանջում, շահագործման ծախսերը շատ փոքր են, բարձր որակավորում ունեցող սպասարկող անձնակազմ չի պահանջում։ Փաստ է, որ հանրապետությունում ինչպես կենցաղային, այնպես էլ արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության պայմաններում (բացառություն է Երեւանի աերացիայի կայանը), երբ հեռացվող կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են գետերն ու լճակները, ոռոգման առուները, ցամաքային տարածքները, չեն կարող չդառնալ բնապահպանական, առողջապահական եւ սոցիալ—տնտեսական լուրջ հիմնախնդիրների առաջացման պատճառ։ Հետեւաբար աշխարհում լայն կիրառություն գտած լագունային տիպի այս համակարգի յուրացումը մեզ մոտ կենսական կարեւոր նշանակություն ունի։ «Փարաքարը Հայաստանում առաջին ծիծեռնակն է այդ ճանապարհին։ Կսկսենք շահագործել եւ կհամոզվենք, որ շատ օգտակար ծրագիր է, եւ, կարծում եմ, փորձը շարունակություն է ունենալու այլ համայնքներում»,– ասում է Սամվել Վարդանյանը։ Ասենք, որ կայանն արդեն պատրաստ է գործարկման։ Մնում է սարքավորումների հետ կապված շատ փոքր աշխատանք։ Համայնքի ղեկավարի հավաստիացմամբ, կայանի փորձարկումը տեղի կունենա մոտ օրերս։ Ավելացնենք. ծրագրի շրջանակներում կառուցվել է կոյուղու ցանցը կայանին միացնող 900 գմ երկարությամբ, 250 մմ տրամագծով կոլեկտոր՝ տասը դիտահորերով։ Մնում է նստվածքներից մաքրել քառասնամյա ցանցը, վերականգնել վնասված հատվածները եւ միացնել կոլեկտորին։ Հեռանկարում է նաեւ համայնքի մեջ մտնող Թաիրով գյուղում կոյուղու ցանց կառուցելը եւ այս կայանին միացնելը։ Կառույցի արտադրական հզորությունը տալիս է այդ հնարավորությունը։ Ավելի ճիշտ՝ կայանը ստեղծվել է երկու գյուղերին սպասարկելու հաշվարկով, որոնց բնակչության ընդհանուր թիվը 9600—ից քիչ ավելի է։
Խնդիրներն աստիճանաբար լուծվում են
Փարաքարի համայնքում կյանքը դանդաղ, սակայն կայուն առաջընթաց ունի։ Գյուղական համայնքներին բնորոշ խնդիրներն, անշուշտ, առկա են նաեւ այստեղ, սակայն համայնքի ջանքերով դրանք աստիճանաբար լուծվում են։ Համայնքապետը կարողացել է գտնել բարերարների եւ նրանց օգնությամբ կառուցել 2500 մ երկարությամբ լրացուցիչ մայրուղային ջրագիծ Արարատյան մայր ջրատարից։ Արդյունքում այսօր Թաիրով գյուղն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ Փարաքարը ջուր է ստանում գրաֆիկով, 6—8 ժամ։ Գրաֆիկի կայունությունը փակում է դրա կարճատեւության հետեւանքով առաջացող բացը։ Այս տարվա մայիսին 1500 մ երկարությամբ ջրագիծ է կառուցվել նաեւ նորակառույց թաղամասում, որտեղ մինչեւ այդ ջուր չկար։ Գյուղական—քաղաքային կենցաղավարության եւս մի ապացույց է այն, որ համայնքում մեքենայացված աղբահանություն է կատարվում։ Պարբերաբար հավաքվող աղբը երկու մասնագիտացված մեքենաները հասցնում են Էջմիածնի քաղաքային աղբավայր։ Համայնքում առկա տասը բազմաբնակարան շենքերում նորոգվել են մուտքերի դռները, ջրամատակարար ցանցի՝ նկուղային հարկերում գտնվող հատվածները։ Հիմա էլ պատրաստվում են հիմնանորոգել այդ շենքերից երեքի թեք լանջով տանիքները։ Այս գործում աջակցելու է կառավարությունը։ Համայնքում գործում են երեք դպրոց, երկու մանկապարտեզ, արվեստի մեկ դպրոց, սպորտդպրոց, մշակույթի երկու տուն։ Որպես երեխաների նկատմամբ ուշադրության դրսեւորում համայնքապետը նշում է. «Մանկապարտեզները ջեռուցվում են, եւ չկա մի ամիս, որ ցրտի պատճառով երեխաներին արձակուրդ տրվի»։ Իսկ երեխաների խնամքի եւ օրապահիկի արժեքի միայն մեկ քառորդ մասն են վճարում ծնողները, մնացածը հոգում է համայնքապետարանը։ Փարաքարում հնարավոր չէ չնկատել ուշադիր վերաբերմունքը համայնքի կյանքի մշակութային կողմի նկատմամբ։ Տարիների անգործությունից հետո վերջին երկու տարիներին հնարավոր է եղել կրկին բացել մշակույթի տների դռները։ Վերանորոգվել են շենքերը, ջեռուցման համակարգեր են տեղադրվել, նորացվել է կահույքը։ Փարաքարի մշակույթի տան շրջակայքը բարեկարգվել է, հանգստի հարմարություններ են ստեղծվել, երեխաների համար խաղային հրապարակ է կառուցվել։ Մշակույթի տանը կից գործում է բակային ճամբար։ Բակային ճամբար է գործում նաեւ Թաիրովի մշակույթի տանը կից։ Արվեստի դպրոցի եւ սպորտդպրոցի լիարժեք կյանքով ապրելու մասին են վկայում այդ դպրոցների սաների հաճախակի մասնակցությունը եւ լավ արդյունքները ոչ միայն հանրապետական, այլեւ արտասահմանյան միջոցառումներին եւ մրցաշարերին։ Փարաքարցի երեխաները մրցանակներ եւ պատվոգրեր են բերել Եվրոպայի մրցաշարերից, Բուլղարիայից, ՌԴ—ից, Վրաստանից։ Արվեստի դպրոցի սաների վրձնանկարները արժանացել են արտասահմանյան բարեկամների բարձր գնահատականին։ Միջհամայնքային մշակութային առաջին մրցույթ—փառատոնին արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույնը մշակութային կրթության ոլորտում։ Անցյալ տարի անցկացված «Լավագույն գյուղական մարզական համայնք» հանրապետական ստուգատեսում համայնքը գրավել է առաջին տեղը եւ արժանացել հանրապետության նախագահի մրցանակին։ Առաջիկայում էլ համայնքում բացվելու է շախմատի ակադեմիայի մասնաճյուղ։ Կա պայմանավորվածություն ակադեմիայի ղեկավարության հետ։ Դրանով ավելի մարզական կդառնա համայնքը, հնարավորություններ կստեղծվեն նաեւ հարեւան համայնքների երեխաների համար։ Ուշադրության արժանի մի իրողություն էլ կա Փարաքար համայնքում, որի մասին չենք կարող չնշել։ Ամեն տարեկան բյուջե ներառում է նաեւ անապահով ընտանիքներին տրվող օգնությունը։ Տարեկան նախատեսվում է 6—8 մլն դրամ, սակայն, որպես կանոն, այդ թիվը միշտ էլ գերազանցվում է՝ հասնելով մինչեւ 11 մլն—ի։ Դրամական օգնություն է տրվում մահացածի ընտանիքին, առաջին երեխան ունեցող ծնողներին, խիստ կարիքավոր մարդկանց։ Այս ամենը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ համայնքի բյուջեն կատարվում է շուրջ հարյուր տոկոսով։
Տնտեսական զարգացման հեռանկարը
Այնքան էլ արդարացված չէ, որ Փարաքարի համայնքը, գտնվելով Արարատյան դաշտի կենտրոնում, գյուղատնտեսական արտադրության առումով առաջնակարգ տեղ չի զբաղեցնում։ Համայնքապետի տեղեկացմամբ, հողագործությամբ զբաղվում է համայնքի բնակչության առավելագույնը երեսուն տոկոսը։ Համայնքի 2012—2022թթ. զարգացման ռազմավարական ծրագրով, որը կազմելուն աջակցել է Եվրոպայի խորհուրդը, նախանշվում է երեք ծրագիր։ Առաջինով նախատեսվում է մրգերի եւ բանջարեղենի չորացման հինգ գործարանների կառուցում։ Այս նախաձեռնությունը կնպաստի տեղում արտադրված էկոլոգիապես մաքուր մրգերի եւ բանջարեղենի շուկայահանմանը, ինչպես նաեւ փաթեթավորման եւ պիտակավորման հարակից ծառայությունների զարգացմանը՝ դրանով իսկ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Երկրորդ ծրագիրը վերաբերում է հյուրատնային բիզնեսի զարգացմանը։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ համայնքում բավականին մեծ թիվ են կազմում խաղատները, որոնք կառավարության որոշման համաձայն 2013 թ. այլեւս չեն կարող շարունակել գործունեությունը մայրաքաղաքին այսքան մոտ, դրանց ստեղծած գործարար տարածքները կարելի է ծառայեցնել որպես հյուրատներ։ Ծրագրի հիմնավորվածության մասին է խոսում նաեւ երկրի օդային դարպասին՝ «Զվարթնոց» օդանավակայանին մոտ, ինչպես նաեւ տուրիստական երթուղիների խաչմերուկում գտնվելը։ Երրորդ ծրագիրը գյուղատնտեսական շուկայի հիմնումն է։ Երեւանի եւ Արմավիրի միջեւ կազմակերպված կանաչ շուկա չկա, եւ նման շուկայի հիմնումը շուկայահանման հնարավորություն կստեղծի ֆերմերների համար, կբարձրացնի նրանց եկամուտը։ Միաժամանակ կթեթեւացնի Երեւանի Մալաթիայի շուկայի ծանրաբեռնվածությունը։ Շուկան նախատեսվում է կառուցել Մալաթիայից դեպի Թաիրով գյուղ ընկած հատվածում եւ կարող է դառնալ հարմար առեւտրի գոտի։ Այս ծրագրերի իրականացմամբ համայնքը շահեկան վիճակում կհայտնվի։
|