Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գործող ավազի, խճի, գիպսի, բազալտի հանքավայրերը շահագործվում են դեռեւս խորհրդային տարիներից: Բաց հանքավայրերի առաջացրած փոշին կեղտոտում է օդը` վտանգելով համայնքի մի քանի փողոցների բնակչության առողջությունը, վնասում է պտղատու այգիներին: Փարաքար համայնքն իր մեջ ընդգրկում է Փարաքար եւ Թաիրով գյուղերը, եւ այս բնակավայրերից 1280 մարդ հայտնվել է իրական վտանգի գոտում: Հանքավայրերի պատճառած վնասներին դիմակայելու միակ ճանապարհը համայնքի կանաչապատ տարածքներն ավելացնելն են համարում: Համայնքապետարանի աշխատակազմն ու ավագանին որոշել են համայնքի կանաչապատումն սկսել Փարաքարի բարձունքում գտնվող Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքից: Հուշահամալիր այգին կառուցվել էր 1982 թ.-ին, սակայն տարիների ընթացքում հուշարձանի հարակից տարածքը վերածվել էր աղբավայրի, որտեղ բազմանում էին թափառող շները, կրծողներն ու այլ վնասատուներ` խաթարելով համայնքի էկոլոգիական վիճակը: Համայնքի ղեկավարն ասում է, որ այգին այդ վիճակում էր հայտնվել հանրային գոտիների եւ շրջակա միջավայրի նկատմամբ բնակչության անտարբեր վերաբերմունքի պատճառով: Ուստի, բնակավայրի էկոլոգիական վիճակը բարելավելու նպատակով համայնքի կարեւորագույն նպատակներից էր՝ ուսուցանել բնակիչներին` կարեւորել շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ գործողություններ ծավալել ավելի մաքուր էկոլոգիա ունենալու համար: Աշխատանքերին ներգրավվել են նաեւ համայնքի ակտիվ բնակիչները գրեթե բոլոր տարիքային խմբերից' դպրոցականներ, նրանց ծնողները եւ այլք: Տարածքը մաքրել են աղբից, ծառատունկ են կատարել: Արդյունքում' բարելավվել է համայնքի էկոլոգիական եւ սանիտարական վիճակը, համայնքի հանրային օգտագործման կանաչ գոտին ավելացել է 4500 քմ բարեկարգ կանաչապատ տարածքով, հանքավայրերի փոշու վնասակար ազդեցությունը զգալիորեն նվազել է: Այգին դարձել է համայնքի բնակիչների եւ հյուրերի սիրված վայրը՝ մարդիկ հանգիստը սիրով են անցկացնում զովասուն եւ մաքուր զբոսայգում, կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ: |