Երկուշաբթի, 13 Հունիսի 2011թ. Փարաքար հանայնքի զինանշան | 2011 թվականի հունիսի 13-ի ավագանու թիվ 5 նիստի թիվ 2-Ն որոշմամբ միաձայն ընդունվեց որոշում համայնքի զինանշանի վերաբերյալ: ԲԱՑԱՏՐԱԳԻՐ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԻ
Փարաքար համայնքի զինանշանի մակերեսը 3:4 հարաբերությամբ ուղղահայաց դիրքով ուղղանկյուն է, ներքևի անկյունները կորացված, կենտրոնում սլաքաձև ելուստով: Զինանշանի վերին մասի սպիտակաձև հորիզոնական դաշտում,որը կազմում է ուղղանկյան 1/6 մասը մեծատառերով, հայերեն լեզվով ,,armhelvetica,, տառատեսակով գրված է «ՓԱՐԱՔԱՐ» անվանումը: Տառատեսակի բարձրությունը կազմում է ուղղանկյան 1/9 մասը: Մնացած մակերեսը սպիտակ հորիզոնական և ուղղահայաց գծերով բաժանված է չորս հավասարաչափ դաշտերի: Զինանշանի բաց և մուգ մոխրականաչավուն գույները խորհրդանշում են Փարաքար գյուղում գտնվող գիլ հանքավայրը, որը նախկինում օգտագործվել է որպես օճառ, փրփրաքար, որից ըստ որոշ տեղեկությունների ծագել է Փարաքար անվանումը: Զինանշանի վերին ձախ մուգ մոխրականաչավուն դաշտի վրա մուգ կարմիր գույնով, պատկերված է համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու արևմտյան ճակատը` որը քրիստոնեական հավատքի խորհրդանիշն է: Պատկերված եկեղեցին լուծված է Հայ առաքելական եկեղեցու կողմից հաստատված գունային համակարգի ողջ սպեկտրի փոխհարաբերությունների համատեքստում: Զինանշանի վերևի աջ բաց մոխրականաչավուն դաշտի վրա մոխրագույնի երանգներով պատկերված է Զվարթնոց օդանավակայանը, որը կառուցված է Փարաքարի պատմական հողատարածքի վրա և խորհրդանշում է Հայաստանի օդային դարպասները, համարվում է հայկական ճարտարապետության բացառիկ կառույց, և վերջին տասնամյակներում Փարաքարի համայնապատկերի անբաժան մասը, ինչպես նաև վկայում է հայկական ավիացիայի բնագավառում փարաքարցիների ծանրակշիռ ավանդի մասին: Զինանշանի ներքևի ձախ բաց մոխրականաչավուն դաշտի վրա պատկերված է խաղողի վազ. ձախից` ողկույզ, աջից` տերև, որը վկայում է Փարաքարում զարգացած խաղողագործության ու գինեգործության մասին և խորհրդանշում է փարաքարցիների աշխատասիրությունը և սերը հայրենի հողի նկատմամբ: Զինանշանի ներքևի աջ մուգ մոխրականաչավուն դաշտի վրա պատկերված է 1941-1945 թթ Հայրենական Մեծ Պատերազմում զոհված փարաքարցիների հիշատակը հավերժացնող հուշարձան - կոթողի հարավային ճակատը, որը խորհրդանշում է հայրենիքին փարաքարցիների անձնուրաց նվիրվածությունը և հայրենի հողը պաշտպանելու պատրաստակամությունը:
|
|
|